Բուքիքիոյի հստակ մերժումը. վերջ՝ գիծը քաշված է
Սահմանադրական դատարանը հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նամակին հղած պատասխանը: Ընդ որում, հետաքրքիր է, որ նամակի մասին տեղեկություն ՍԴ չէր հրապարակել, եւ Բուքիքիոյի պատասխանից է հայտնի դառնում, որ հունիսի 25-ին Հրայր Թովմասյանը նրան գրել է նամակ:
Ինչ է գրել Բուքիքիոյին Հրայր Թովմասյանը, պարզ չէ: Բուքիքիոյի պատասխանը փաստացի արձանագրում է Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված քաղաքական գործընթացի ավարտը եւ ազդարարում, որ Վենետիկի հանձնաժողովի համար այդ հարցը փակված է:
Հնարավոր է, որ Հրայր Թովմասյանը փորձել է Բուքիքիոյից հասկանալ, թե ինչ անել ստեղծված իրավիճակում, արդյոք դիմադրել՝ ակնկալելով Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը: Բուքիքիոյի պատասխանը մերժումն է, եթե Հրայր Թովմասյանն իրապես ունեցել է այդպիսի ակնկալիք: Չի բացառվում, որ Թովմասյանին պետք էր այդ մերժումը, որպես փաստարկ նախկին իշխող համակարգի որեւէ շրջանակից պայքարի հորդորի դեմ:
«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասել է Բուքիքիոն ի պատասխան Հրայր Թովմասյանի նամակի:
Առաջին հայացքից նա հայտնում է անհամաձայնություն տեղի ունեցածի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ, սակայն, հատկանշական է կոչը՝ «ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը, որն իրավունքի գերակայության սկզբունքի հիմնական պահանջ է»: Այլ կերպ ասած, Բուքիքոն Թովմասյանին ասում է՝ ես ոչ մի այլ բան անել չեմ կարող: Այսինքն, դիմակայության գնալիս չպետք է ունենալ ակնկալիք, որ կլինի Վենետիկի հանձնաժողովի աջակցություն: Միաժամանակ, նա գուցե Թովմասյանին է կոչ անում հարգել Սահմանադրությունը, այսինքն դրա փոփոխությունը եւ ընդունել այն:
Բուքիքիոն ըստ ամենայնի քաշում է գիծ՝ քաղաքական դիմակայության, եւ առաջիկա սահմանադրա-իրավական խնդիրների ու հեռանկարի միջեւ: Որովհետեւ ներկայում լուծվել է քաղաքական հարցը՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը չեզոքացրել է խոշոր կապիտալի կրող քաղաքական ընդդիմախոսների պետական հենարան ՍԴ կազմը:
Հայաստանում սահմանդրա-իրավական կարգի հաստատման հարցը դեռ պահանջում է լուծում, որն իր հերթին կազմված է լինելու մի քանի գործընթացից: Դա ներառելու է նոր Սահմանադրության մշակումը, ՍԴ նոր կազմի ձեւավորումը՝ դատավորների թափուր տեղի լրացումը, ներառելու է նաեւ քաղաքական համակարգին առնչվող մի շարք օրենսդրական լուծումներ՝ կուսակցությունների մասին օրենք, Ընտրական օրենսգիրք եւ այլն:
Վենետիկի հանձնաժողովը, անհամաձայնություն հայտնելով քաղաքական մեծամասնության մոտեցմանը, այդուհանդերձ փաստացի ճանաչում է այն, թերեւս հետագա սահմանադրա-իրավական հարցերում այդ իշխանության հետ հարաբերությունում փաստարկային ամուր հիմքի համար: Այսինքն, Վենետիկը չի խանգարել լուծել քաղաքական հարցը, որը վերաբերում էր իրավիճակի հավասարակշռմանն ընդհանրապես: Որովհետեւ խորքային առումով կար դիսբալանս՝ քաղաքական մեծամասնության եւ նախորդ համակարգից եկող խոշոր կապիտալի կրող քաղաքական հավակնորդների միջեւ: Ակնհայտ էր, որ ՍԴ-ն այդտեղ հավասարակշռող գործոն չէր, այլ հօգուտ կապիտալի հավասարակշռությունը խախտող: Համենայն դեպս, այդ կապիտալը իր վարքագծով արեց ամեն ինչ որեւէ կասկած չթողնելու համար, որ ՍԴ-ն դիտարկվում է հենց այդպես:
Վենետիկի հանձնաժողովն ըստ էության չխանգարեց նոր իշխանությանը լուծել այդ հարցը: Երեւանի համար խնդիրները Եվրոպայի հետ կսկսեն թերեւս այն ժամանակ, երբ հաջորդիվ սահմանադրա-իրավական հարցերում առաջնորդողը դարձյալ լինի քաղաքական խմբային նպատակահարմարությունը: Համենայն դեպս, Բուքիքիոն ճանաչել է լուծումն ու քաշել գիծը: