Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը․ փոխվարչապետ
Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցի տեսահոլովակում ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետությունը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը: ԿԶՆ-ներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեքներ են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը:
Հայաստանի Կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել ազգային զարգացման ծրագրման ուղղությամբ մեր ջանքերը: Անցած երկու տարիներին ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ է մշակվել, որը ներառում է երկու տասնյակից ավելի ոլորտներ:
Զուգահեռաբար կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են գրեթե բոլոր ԿԶՆ-ները»,-ասել է փոխվարչապետը: