Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ
«Այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com - ի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը: Ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ակտիվանում է, ապա որոշակի դադար վերցնում, հետո նորից ակտիվանում. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի նաև դեռ երեկվանից հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը:
Ռազմական փորձագետը նկատում է, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի հիմնական կուտակումներն արել էր դեռ մի քանի օր առաջ. «Զինտեխնիկայի կուտակումներից խոսվում էր սոցիալական ցանցերում, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Իսկ վերջին օրերին նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ցուցումներ էր իրականացնում սահմանամերձ շրջաններում այն մասին, որ տեխնիկայի շարժերի դեպքում արգելվում է դրանց նկարահանումը և Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ տեղեկատվությունը տեղ չգտնի մամուլում, որ այդ մասին Հայաստանը չիմանա»,- ընդգծեց փորձագետը:
Աբրահամյանը խոսեց նաև համացանցում երեկվանից լայն տարածում գտած ադրբեջանցիների տեսանյութերից, որում նրանք հավաքվել և բղավում էին «Ղարաբա՜ղ». «Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ ստեղծվել են որոշակի ազգայնական խմբեր, որոնց տարբեր փուլերում ադրբեջանական իշխանությունն օգտագործում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենց երկրում որևէ կերպ չեն համակերպվում այդ իրավիճակի հետ, ավելին՝ մարդիկ իրենց դրդում են ռազմական գործողությունների: Հիմա էլ նույնիսկն եթե իշխանությունները չհրահրեն, ապա կա որոշակի հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները ռազմական գործողություններում շատ ավելի ակտիվ լինեն»,- նշեց փորձագետը:
Ըստ մեր զրուցակցի՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ- երի Ադրբեջանում կարող է ներքաղաքական լարված իրավիճակ ստեղցծվի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից սկսած Ադրբեջանի գործողությունները հայկական կողմից շատ կոշտ կանխվել են և շատ կոշտ պատասխաններ են տրվել, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների համար երկրի ներսում: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունների վրա կա ճնշում և չի բացառվում, որ նրանք փորձելու են սահմանին տիրող ակտիվությունն ամեն գնով պահպանել: Ադրբեջանի տապալումը (մարդկային կյանքերի կորուստը, զինտեխնիկայի և տարածքների նոր կորուստը) լուրջ խնդիր է դառնալու երկրի ներսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
«ՀՀ ԶՈՒ- ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա, դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին, կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա, ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը: