Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը
Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լայն ճակատ» դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան Տավուշի մարզի Մովսես գյուղի վրա։
«Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները զինադադարի խախտում են և հանգեցրել են պատերազմական իրավիճակի սրման՝ հակամարտութունների առկայությամբ բնութագրվող տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են և հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հնչեցված՝ COVID-19 համավարակի ընթացքում համընդհանուր զինադադարի կոչին, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ 170 պետությունների, ներառյալ Ուրուգվայի կողմից»,- նշված է հայտարարության մեջ։