Exclusive. Արթուր Ալեքսանյանը՝ Ռիոյի օլիմպիական հաղթանակի, ապրումների, աստղային հիվանդությունից խուսափելու գաղտնիքների մասին (ֆոտո)
Ռիոյի օլիմպիական ոսկե մեդալն ինձ տվեց ամեն ինչ, բայց նաեւ խլեց ժամանակ, առողջություն, ազատություն, որոնց համար մեկ վայրկյան չեմ ափսոսում: 2016 թվականի օգոստոսի 16-ը փոխեց իմ կյանքը, բայց ոչ ինձ:
Այսպես հիշարժան օրվա ու մեծ հաղթանակի՝ Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու մասին խոսելիս NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց եռակի աշխարհի, հնգակի Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
4 տարի առաջ օգոստոսի 16-ին Ռիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ: Հայաստանը 20 տարվա ընդմիջումից հետո դարձյալ ունեցավ օլիմպիական հաղթանակ։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը վերհիշել է Ռիոյի հաղթական օրը:
Արթուր, 4 տարի առաջ հենց այս օրը դու նվաճեցիր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Ի՞նչ հույզեր է արթնացնում այս օրը մեկ օլիմպիական մրցաշրջան անց:
Տարիները որքան անցնում են, այդքան ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվել Ռիոյում օգոստոսի 16-ին: Նույն զգացողություննրով ու հույզերով եմ լցվում ամեն տարի այս օրը. բառերով բացատրել չեմ կարող իմ ապրումները:
Օրս սկսել եմ շնորհավորանքներով, ինչի շնորհիվ եւս մեկ անգամ վերապրեցի Ռիոյի այդ օրը: Հիշեցի՝ ինչպես այս օրը առավոտյան արթնացա, մրցման դահլիճ պետք է գնայինք, կադր առ կադր օրվա բոլոր վայրկյանները աչքիս առաջ եկավ, թե ինչ տրամադրություն ունեի, ինչպես անցա այդ ամենի միջով: Հիշում եմ՝ մրցման օրն արթնացա արդեն բարձր տրամադրությամբ եւ հաղթանակիս վերջին ակորդը եզրափակիչ պայքարում դնելու վճռականությամբ: Օլիմպիական չեմպիոն հռչակվելու հաջորդ առավոտ չեմ արթնացել (ծիծաղում է), քանի որ գիշերը չէի քնել. չէի կարողացել քնել, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ, ինչ է կատարվել առհասարակ:
Օգոստոսի 16-ն ի՞նչ փոխեց քո կյանքում:
Այդ օրն ամեն ինչ փոխեց իմ կյանքում: Մի բան չի փոխել՝ ինձ: Այս օրը ես հասա իմ կյանքի հիմնական նպատակին: Տարիների աշխատանքս, փոքր տարիքից ծանր ու երկարուձիգ մարզումներիս քրտնաջան աշխատանքը օլիմպիական ոսկու տեսքով հետ վերադարձավ ինձ եւ իր արժանի գնահատականը ստացավ:
20 տարի Հայաստանը օլիմպիական ոսկե մեդալ չէր ունեցել եւ հենց դու եղար այդ սառույցը կոտրողը: Ինչպե՞ս ստացվեց եւ երբեւէ կպատկերացնեի՞ր, որ դու կլինես այս ոսկին նվաճողը:
Երբ փոքր էի, մեծ հետաքրքրությամբ հետեւում էի 2000-2004-2008 թվականների Օլիմպիական խաղերին, բայց այդ ժամանակ երբեք չէի պատկերացնում, որ ես կլինեմ 20 տարվա դադարից հետո Հայաստանի առաջին ոսկե մեդալ նվաճողը, որ չի լինի մեկ այլ նվաճող, որ այդքան երկար դադար կունենանք: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ ես նվաճեցի բրոնզե մեդալ, իսկ Հայաստանը կրկին չունեցավ ոսկե մեդալ, արդեն գիտակցեցի, որ հնարավոր է առաջին ոսկին այս մեծ դադարից հետո ես բերեմ: Հասկացա, որ պատրաստ եմ դրան եւ կարող եմ հասնել նպատակիս Ռիոյի Օլիմպիական խաղերում:
Կհիշե՞ս ապրումներդ ոսկին նվաճելու եւ պատվո հարթակին բարձրանալու վայրկյանները:
Շատ պահեր են գալիս Ռիոյի Օլիմպիական խաղերը հիշելիս՝ իմ գոտեմարտերը, երզափակիչը, Ռոբերտ Աբաջյանի նկարով պատրաստածս շապիկով պատվո հարթակին կանգնելը: Հիշում եմ, որ առավոտից սպասում էի եզրափակիչ գոտեմարտին եւ պատկերացնում էի պարգեւատրման արարողությունը: Պատրաստվել էի դրան եւ որոշել, որ մեդալ նվաճելու եւ պարգեւատրվելու ժամանակ ես պետք է լինեմ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը պատկերող շապիկով, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի եւ ճանաչի մեր հերոսներին: Ինձ համար ամենակարեւոր եւ հուզիչ ակնթարթները դրանք էին ու ես սրտատրոփ սպասում էի այդ շապիկը կրելուն: Այդ երկու մրցումային օրվա ոչ մի պահ չեմ կարող չհիշել, յուրաքանչյուր վայրկյանն ապրում է իմ մեջ:
Ռիոյի մրցագորգում հաղթական սուլոցից հետո ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ, քո ներսում, որը չտեսավ ու չիմացավ ոչ ոք:
Իրականում ես էմոցիոնալ մարդ եմ, բայց գորգում շատ քիչ եմ ցույց տալիս հույզերս: Երզափակիչ գոտեմարտի վերջին սուլոցից հետո ես այդքան էլ չցուցադրեցի իմ էմոցիաները: Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ եզրափակիչ սուլոցից հետո, իմ էմոցիաների արտահայտման գագաթնակետը չէր: Իրականում՝ կիսաեզրափակիչում թուրք Ջենք Իլդեմին պարտության մատնելուց հետո ես ավելի մեծ ապրումներ ունեցա եւ ավելի էմոցիոնալ արտահայտեցի հաղթանակս, քան եզրափակիչ գոտեմարտից հետո: Տեսագրությունում էլ պարզ երեւում է, թե ինչպես եմ Իլդեմին հաղթելուց հետո բղավում, որովհետեւ Ռիոյում իմ հիմնական մրցակիցը թուրք ըմբիշն էր: Ճիշտ է՝ մյուս մրցակիցներս բոլորն էլ ուժեղ էին, բայց ես ավելի շատ պատրաստվել էի հենց թուրքի հետ գոտեմարտին:
Յուրաքանչյուր մրցաշարից առաջ, եթե դու ուզում ես հաղթել, արդեն պետք է հոգեբանորեն պատրաստ լինես հաղթանակին: Երբ հոգեբանորեն պատրաստ ես հաղթել ու հաղթում ես, չես կարողանում էմոցիաներդ, ուրախությունդ, ցնծությունդ շատ արտահայտել: Դա քեզ համար դառնում է մեկ քայլ առաջ: Իսկ եթե պատրաստ կամ վստահ չես, որ կհաղթես եւ քեզ մոտ ստացվում է հաղթել, անկախ քեզնից էմոցիաներիդ կառավարումը կորցնում ես: Այս կերպ ես ամեն հաղթանակս ընդունում եմ որպես մեկ քայլ առաջ եւ չեմ տրվում էմոցիաներին գորգի վրա:
Շատ հաճախ էմոցիաներս ցուցադրում եմ արդեն գորգից իջնելիս՝ մրցումների դահլիճից դուրս, հանդերձարանում: Ավելի արտահայտիչ են այդ պահերը, բայց դրանք միշտ կադրից դուրս են:
Արթուր, 4 տարի անց, երբ հաղթանակիդ էյֆորիան անցել է, կարո՞ղ ես բնութագրել, թե մարզիկի համար ինչ նշանակություն ունի օլիմպիական ոսկե մեդալակիր լինելը, ի՞նչ է տալիս եւ ի՞նչ սովորեցնում այդ տիտղոսը:
Չկա աշխարհում մի մարզիկ, որը չերազի օլիմպիական ոսկե մեդալի մասին: Դա սպորտի գագաթնակետն է: Երբ հասնում ես այդ գագաթին ու հետհայացք գցում քո անցած ճանապարհին, հասկանում ես, որ արժեր կյանքը նվիրել սպորտին, ապրել սպորտով եւ սպորտի համար: Օլիմպիական ոսկե մեդալը մեծ եւ իրական մոտիվացիա է ամեն մի մարզիկի համար, եւ այն սովորեցնում է պայքարել հանուն նրա՝ այդ ոսկուն հասնելու նպատակի:
Ես օլիմպիական ոսկու մասին մտածելով քնել-արթնացել, ապրել եմ ամեն օր ու ժամ: Իմ օրերը սկսվել են այդ նպատակով եւ յուրաքանչյուր օրվա առաջին քայլերս եղել են դեպի մարզադահլիճ, մարզումներ: Օրերս ավարտվել են նույն նպատակով եւ մտքերով:
Ի՞նչ տվեց ու ի՞նչ խլեց քեզանից օլիմպիական ոսկե մեդալը:
Ամեն ինչ տվեց, բայց շատ բան էլ խլեց: Այս մեդալն ինձանից խլեց ժամանակ, սակայն որի համար չեմ ափսոսում, խլեց առողջություն. շատ վնասվածքներ եմ ունեցել այս տարիների ընթացքում՝ կոտրվածքներ, ճողվածքներ: Խլեց ազատություն. մշտապես հավաքների, մարզումների մեջ, ռեժիմով քուն, հանգիստ, սնունդ: Այն ազատությունը, որ միշտ ունեցել են իմ տարիքի տղաները, երիտասարդները, ես երբեք չեմ ունեցել, բայց մի վայրկյան չեմ ափսոսացել դրանց համար: Զգացել եմ, որ այդ մեդալին հասնելու համար ես պետք է ազատությունից, շատ հաճույքներից զրկվեմ:
Այս մեդալն ինձ զրկեց նաեւ ազատ ապրելու ազատությունից: Ես ինձ որեւէ մեկից չեմ առանձնացնում, բարձր չեմ դասում: Օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո մարդիկ ինձ ճանաչում են, շատ հաճախ մոտենում են, ողջունում, ցույց տալիս, որ հպարտանում են ինձանով: Շատ հաճելի պահեր են, ես ինձ լավ եմ զգում, բայց շատ հաճախ էլ չեմ կարողանում ինձ ազատ զգալ, որովհետեւ մարդկանց ուշադրության կենտրոնում եմ: Արդեն գիտակցում եմ, որ երեխաների համար պետք է օրինակ ծառայեմ եւ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է սխալ օրինակ դառնալ երեխաների համար:
Դու սպորտային ամենաբարձր մեդալները նվաճեցիր քո մարզական կարիերայում, հասար նաեւ օլիմպիական ոսկուն, բայց այդ մեդալների փայլը չկուրացրեց քեզ: Ինչպե՞ս քեզ հաջողվեց խուսափել այդ փայլից:
Իմ բնավորությունն է ինձ թույլ տվել երբեք չկուրանալ այդ մեդալների փայլից: Ես իմ ամեն մի հաղթանակ այլ կերպ եմ ընդունել: Յուրաքանչյուր հաղթանակից հետո ես վերադարձել եմ մարզադահլիճ եւ սկսել ավելի շատ մարզվել, քան մինչ այդ հաղթանակը:
Միշտ մտածել եմ՝ եթե հաղթել եմ այս մրցաշարում, ուրեմն մյուս մրցաշարում իրավունք չունեմ պարտվելու: Այսպես մտածելով ես ավելի ու ավելի շատ եմ մարզվել: Երեւի դա է պատճառը, որ իմ ոսկե մեդալների քանակը անընդհատ ավելացնում եմ: Հենց դա է պատճառը, որ ես չեմ կուրանում այդ ոսկիների փայլից: Երբեք չի եղել մի պահ, որ մտածեմ՝ ինչ-որ մեկից լավն եմ, բարձր եմ: Երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո, երբ վերադարձա Հայաստան, հաջորդ օրը արթնացա ու ինքս ինձ ասացի՝ հաղթեցի, վերջ, դա անցավ պատմության գիրկը: Պետք է շարունակել մարզվել եւ նոր հաղթանակներ ունենալ, ապացուցել բոլորին, որ ես կարող եմ, ես լավագույնն եմ: Երիտասարդ տարիքում այդ շրջանն անցնելուց հետո ես հասկացա, որ երբեք ինձ աստղային հիվանդությունը չի դիպչի:
Ինքդ քեզ շնորհակա՞լ ես քո կերտած սպորտային պատմության համար:
Ամենառաջինն իմ անձնական մարզիչին եմ շնորհակալ, այսինքն՝ իմ հայրիկին, ապա Աստծուն, հետո նոր ինքս ինձանից այս սպորտային ճակատագիրն ունենալու եւ պատվով անցնելու համար: Բայց ինձանից շնորհակալ եմ միայն, երբ կողքից եմ ինձ նայում:
Ռիոյից առաջ մինչեւ Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելը շատ բարդ ճանապարհ անցա: Բոլորը հավատում էին ինձ, սպասում եւ վստահում էին, որ կարող եմ այդ երկար սպասված մեդալը նվաճել Հայաստանի համար: Դա ինձ համար մեծ ու ծանր պատասխանատվություն էր եւ իրավունք չունեի մի ամբողջ ազգի, երկրի հիասթափեցնել:
Բայց Ռիոյից հետո հաջորդող չորս տարիներն ավելի բարդ եղան ինձ համար, քանի որ մեծամասամբ վնասվածքներս այս տարիների ընթացքում ստացա՝ երկարատեւ բուժումներ, տեւական բացակայություն գորգից: Նոր հաղթանակների կողքին ունեցա նաեւ հիասթափություններ: Շատ եմ ափսոսում հատկապես 2019 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում վնասվածքի պատճառով պայքարից դուրս գալու համար:
Ցանկությունս եւ նպատակս այն է, որ վնասվածքներս չկրկնվեն, լավ մարզվեմ եւ պատրաստվեմ Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Կրկնակի պարտավորեցնող է Տոկիոյի Օլիմպիական խաղերն ինձ համար: Հնարավոր ամեն ինչ անելու եմ Տոկիոյի ոսկու համար, թե ինչ կլինի եւ ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա:
Լուսինե Շահբազյան