Անշարժ գույքի ոլորտում արտակարգ դրության սկզբի համեմատ հիմա աշխուժություն կա, սակայն ոլորտը 40-50 %-ով տուժել է. «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն
Անշարժ գույքի գործակալություններում արտակարգ դրության սկզբի համեմատ հիմա աշխուժություն կա: Սկզբում ոլորտն ամբողջովին կանգնած էր, հիմա բնակարանների գնանկում կա, բայց մեր սպասածից քիչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը՝ խոսելով արտակարգ դրության ընթացքում ոլորտի կրած վնասների և վերջին շրջանում դրանից փոփոխությունների մասին:
«Այս շրջանում դանդաղել է նորակառույց շենքերի գնման գործընթացներն, ու գործարքների քանակի առաջանային գրանցումն իջել է: Ընդհանուր առմամբ՝ անշարժ գույքի ոլորտը 40-50 % վնաս է կրել, շատ ընկերություններ փակվել են կամ կրճատել են իրենց աշխատակիցներին: Հիմա գնումներ կան, մենք ավելի վատ արդյունքի էինք սպասում, բայց գործարքներ կան, գնումներ կան, 50-70 % աճ կա»,- ասաց նա:
Գործակալության տնօրենը նշեց, որ Կառավարությունից աջակցություն չի եղել ոլորտին և ըստ նրա՝ Կառավարությունն այդքան մեծ հնարավորություն չի ունեցել աջակցելու, քանի որ բոլոր ոլորտներն են տուժել:
Խոսելով Կառավարության այն որոշման մասին, թե եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենքի հնարավոր փոփոխություն է սպասվում` Դանիելյանը նշեց, որ հիմա չի կարող ասել, թե դա ինչ ազդեցություն կունենա ոլորտի վրա, սակայն եկամտահարկի վերադարձն արհեստականորեն ազդել է վաճառքի գների բարձրացման վրա:
«Վիճակը պետք է շտկել կամ հարկը պետք է աստիճանաբար հանեն, գումարային շեմը իջեցնեն, հակառակ դեպքում` ոլորտում շուկան անկման կգնա: Չնայած, հիմա կորոնավիրուսի տարածմամբ գներն իջնում են, բայց եկամտահարկի վերաբերյալ որոշումն այսքան երկար չպետք է պահեին, որ գներն այսքան անտրամաբանական չբարձրանային ու իրական շուկայի գներից չկտրվեր»,- ընդգծեց Դանիելյանը: