Լեհաստանը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ
Լեհաստանը քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Լեհաստանի և Լիտվայի նախագահների սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նախագահները քննարկել են նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը: Լեհաստանը հրավիրվել է միանալու տարածաշրջանային պատժամիջոցների կիրառմանը և դրանով համերաշխություն ցուցաբերելու ագրեսիայի և քաղաքական հաշվեհարդարների ենթարկվող Բելառուսի քաղաքացիական հասարակությանը», - ասված է հայտարարության մեջ:
«Լեհաստանի նախագահը տեղեկացրել է, որ քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ սահմանելու հարցը»,- հայտնել են Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունից:
Ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: