Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. ԱՀ ԱԻՊԾ
Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այս մասն հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են: Առաջնայինը՝ բնակչության համար անվտանգ միջավայր ստեղծելն է:
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:
Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:
Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում:
«Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»-նշել է Կարեն Սարգսյանը:
Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին»: