Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկեն հակաօդային պաշտպանության ուժերի` Modafean Aseman Velayat (վելայաթի երկնքի պաշտպաններ) կոդային անունը կրող զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Mehr-ը:
Զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:
«Զորավարժությունները կանցկացվեն Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ` երկրի հակաօդային պաշտպանության հենակետի օպերատիվ վերահսկողության ներքո, իրական մարտին մոտ միջավայրում, երկրի կեսից ավելին ընդգրկող տարածքում»,- նշել է Ռահիմզադեն :
Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր: