Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգնել հայ ժողովրդի կողքին
Պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայից մինչև Ավստրալիա, ՌԴ-ից ԱՄՆ խորհրդարաններն ու խորհրդարանականները, քաղաքական գործիչները իրենց համերաշխությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի ժողովուրդներին: Այդ աջակցությունը բավական խոսուն է և արտահայտվել է կոնկրետ գործնական քայլերով՝ բանաձևերի ընդունումից մինչև Արցախ կազմակերպված այցեր:
Հոկտեմբերի 18-ին պատվիրակությունը, որի կազմում եղել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆեն Կոտրեն, Շտեֆեն Կոյտերը, Անդրեաս Գալաուն և Անդրեաս Կալբիցը, այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։
Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև:
Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև:
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, փաստաթղթում դատապարտվում է նաև թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի պաշտոնական կայքէջում, որն այդ փաստաթուղթն ուղարկել է թագավորության կառավարության հաստատմանը։
Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք:
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը եւ Կոնգրեսին ներկայացրել Արցախի ճանաչման մասին բանաձեւ: Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:
Իսկ ովքե՞ր են այս օրերին կանգնած Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողքին: Ցանկը բավական համեստ է, քանի որ եվրոպացի քաղաքական գործիչները դժվար թե ռիսկի տակ դնեն իրենց քաղաքական վարկը և ապագան՝ բացահայտ աջակցելով միջազգային ահաբեկչությանը: Միայն մի քան խավիարային դիվանագիտության օրերից սկանդալներում թաթախված ԵԽԽՎ պատգամավոր և թուրքական լոբբիի կողմից գնված սենատորներն ու կոնգրեսականները, որոնց թիվը չի անցնում անգամ մեկ տասնյակը՝ ահաբեկիչների համար ակնհայտորեն եղանակ չեն ստեղծում և արդեն իսկ պարզ է, որ միջազգային առաջադեմ հանրությունը աջակցում է Հայաստանի և Արցախի արդար պայքարին և արդար պահանջներին…