Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների գնալ Մոսկվա Փաշինյանի հետ բանակցելու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատանք տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել»,- ասել Է Ալիևը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր քաղաքական, տնտեսական փոխգործակցության առումով Ռուսաստանը շատ ակտիվ համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի հետ, մեր հարևանն է։ Այդ պատճառով, իհարկե, ամենից շատ նման հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման հանդիպումներ չեն եղել։ Ես չգիտեմ, թե որքանով են դրանք արդյունավետ լինելու հիմա․.. Բայց եթե նման առաջարկ լինի, մենք միշտ այն դրական ենք դիտարկել և կդիտարկենք», — ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «ընդ որում, ինչպես դուք եք ասում [նկատի է ունեցել լրագրողի ձևակերպումը – խմբ․], առանց նախապայմանների»: