Արցախի բնակիչներին հյուրընկալելու համար ՀՀ քաղաքացիներին կտրվի 30 հազար դրամ, Արցախի քաղաքացիներին՝ 45 հազար դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ Արցախի քաղաքացիների մի հատված կեցությունը իրականացնում է ՀՀ տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը չեն գտնվում հայկական վերահսկողության ներքո և մասնավոր տեղերում են իրենց կեցությունը ապահովում ՀՀ քաղաքացիների հյուրընկալությամբ:
Այսպիսով նախագծով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է:
Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է: Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ որպես վարձակալության գումար չեն տրամադրվելու և հարկման ենթակա չէ: