Ուրվագծվում են Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունները
Օրվա իշխանությունները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Կապիտուլյացիայի հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։
Այս հանգամանքը ընդգծեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում` դրանով իսկ փաստելով, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում և ՀՀ սահմաններին, որևէ կերպ նախատեսված չէ ամսի 9-ի եռակողմ համաձայնությամբ: Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին: Սակայն, այս հանգամանքը որևէ կերպ ՀՀ իշխանություններին չի կանգնեցնում:
Երբ պատերազմից առաջ ադրբեջանական պետական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի բանակցություններ են եղել, որն սկսել է հայկական կողմի նախաձեռնությամբ` շատերը չհավատացին, որ սա հավանական տեղեկատվություն է։ Պատերազմը, սակայն, փոխել է իրերի դրությունը։ Կեսգիշերին դավաճանական փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանից սպասելի է ամեն բան։ Ու հիմա շատերը կարծում են, որ Ալիև-Փաշինյան գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։
Օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմին զիջվեցին հայկական երեք գյուղեր, որոնք ամսի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Մինչև հիմա անհասկանալի է, թե հայ զինվորականների վերջին խումբը, որ գերի ընկավ, ինչու հանձնվեցին։ Ինչպե՞ս կարող է զինված անձն ուղղակի հանձնվել։ Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչն է ստիպել նրանց չպայքարել:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը վերջերս տարօրինակ հայտարարություն է արել ռուս խաղաղապահների կապակցությամբ: Նա ասել է, որ Արցախում որոշ բնակավայրերում Ադրբեջանի կողմից տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևավորելու համար։ «Համենայնդեպս կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել։ Եվ այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում»,- ասել է նա` ավելացնելով, թե հայկական կողմը պատասխանատվությունից չի խուսափում։ Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ից չեն հերքել: Վարչապետի խոսքից պարզվում է, որ եռակողմ հայտարարությունից բացի կա առնվազն մեկ այլ փաստաթուղթ՝ խաղաղապահների մանդատի վերաբերյալ, որը Բաքուն չի ստորագրել: Ինչ՞ փաստաթղթի մասին է խոսքը և որտեղի՞ց է Փաշինյանը տեղյակ, որ Ալիևը այն չի ստորագրել:
Եռակողմ հայտարարությունը իր շատ դրույթներով ընդհանրական բնույթ էր կրում, ենթադրվում է, որ դրանք ունեն նաև իրականացման մեխանիզմներ, որի մասին դեռևս այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չի եղել և չի բացառվում, որ կա նաև այդ հայտարարության հավելվածը, որը չի հրապարակվել, սակայն այդ հավելվածի հիման վրա իրականացվում են այդ քայլեր, այդ թվում տեղի է ունենում Սյունիքի մի շարք բարձրուներնքների հանձնումը Ադրբեջանին, ինչը նույնպես եռակողմ համաձայնագրով նախատեսված չէր: Փաշինյանն, ակնհայտորեն, կասկածելի խաղի մեջ է մտել, որ կարող է տխուր վերջաբան ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության, գուցե նաև գոյության իմաստով։