Airthings Masters. Առաջին խաղային օրվանից հետո Արոնյանն առաջատարների թվում է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դեկտեմբերի 26-ին մեկնարկած Airthings Masters օնլայն մրցաշարի առաջին խաղային օրը տարել է 1 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտել ոչ-ոքիով:
Առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, երկրորդ տուրում հաղթանակ տարել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ, երրորդ և չորրորդ տուրերում ոչ ոքի խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա մրցաշարի ևս 4 տուր: Արոնյանի մրցակիցները կլինեն ռուս Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Ֆաշյե-Լագրավը, ամերիկացի Ուեսլի Սոն և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Առաջին խաղային օրվանից հետո Արոնյանն ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, ռուս Դանիիլ Դուբովի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ 4 հնարավորից վաստակել է 2.5 միավոր և բաժանում է 1-5 տեղերը:
Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: 12 շախմատիստներ դեկտեմբերի 26-ից հունվարի 3-ը պայքարելու են մրցաշարում չեմպիոնության համար: Հաղթողը ստանալու է 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: