ՊՆ նախարարը նոր հրաման է ստորագրել․ այն հունվարի 4-ին ուժի մեջ է մտնում
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը և աշխարհազորայինի հավաքագրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։ Հրամանն ուժի մեջ է մտնում հունվարի 4-ին։ ԿԱՐԳ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են աշխարհազորայինների պատրաստության և կիրառման շրջանակներում աշխարհազորայիններին զենքի, դրա համար անհրաժեշտ ռազմամթերքի ամրակցման և պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորման դեպքում անհրաժեշտ զենքը և ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ԶՈՒ) կենտրոնական ենթակայության համապատասխան բազայից փոխանցվում (հատկացվում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներկայացված հայտի հիման վրա և ԶՈՒ սպառազինության վարչության կողմից տրված ապրանքագրով, որը կազմվում է երեք օրինակից, մեկ օրինակը պահվում է ԶՈՒ սպառազինության վարչությունում, մեկ օրինակը՝ ԶՈՒ կենտրոնական ենթակայության բազայում, մեկ օրինակը՝ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:
3. Ոստիկանության տարածքային ստորաբաժանումից համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը ստանում է Ոստիկանության կողմից նախօրոք պատրաստված ապրանքագրով, որում նշվում է դրանց քանակները և համարները: Զենքը և ռազմամթերքը համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայր է տեղափոխվում համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ուժերով և միջոցներով' տեղափոխման ժամանակ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
4. Աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը ստացված զենքը և ռազմամթերքն աշխարհազորայիններին ամրակցում է ամրակցման տեղեկագրով (Ձև 1): Ամրակցման տեղեկագրում գրառումները կատարվում են կապույտ թանաքով գրիչով, ընթեռնելի և առանց ջնջումների:
5. Զենքը և ռազմամթերքը ամրակցելուց հետո աշխարհազորային ստորաբաժանման ներսում դրանց շարժն իրականացվում է ստորաբաժանման զենքի ու ռազմամթերքի տրման գրքով (Ձև 2):
6. Աշխարհազորայինի կողմից զենքը և ռազմամթերքը ստանալուց հետո գտնվում է աշխարհազորայինի մոտ՝ պատրաստության ժամանակահատվածում, իսկ աշխարհազորայինների կիրառման դեպքում՝ դրա ողջ ժամանակահատվածում: Պատրաստությունից դուրս ժամանակահատվածում աշխարհազորայինին ամրակցված զենքը և ռազմամթերքը, դրանց պահպանման կանոնների համաձայն, պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:
7. Աշխարհազորայինների մոտ զենքը գտնվելու ժամանակ հրամանատարները պետք է ապահովեն աշխարհազորայինների կողմից զենքի կրման անվտանգության կանոնների պահպանումը, դրանք հասցնեն իրենց ենթականերին ու պահանջեն դրանց խստորեն կատարումը:
8. Զենքի ու ռազմամթերքի հետ վարվելիս արգելվում է.
1) առանց հրամանի զենքը պահել լիցքավորված վիճակում,
2) փամփուշտները կրել առանց տուփերի կամ պահեստատուփերի,
3) կատարել զենքի կամ փամփուշտների, նռնակների, արկերի, պայթուցիչների, նմանակիչ և այլ պայթուցիկ նյութերի քանդում,
4) զենքը և ռազմամթերքը փոխանցել այլ անձի:
9. Զենքի ու ռազմամթերքի առկայությունը, սարքին պահելը հանդիսանում է ստորաբաժանման մարտունակության կարևորագույն բաղադրիչը, իսկ դրանց հուսալի պահպանության իրականացումը՝ հրամանատարների պարտականությունը:
10. Զենքի ու ռազմամթերքի առկայության, սարքինության և պահպանության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աշխարհազորային ստորաբաժանումների հրամանատարները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ ստուգել աշխարհազորայիններին ամրակցված զենքի և ռազմամթերքի առկայությունը, լրակազմությունն ու սարքինությունը, իսկ զորամասում զենքի և ռազմամթերքի առկայության համար պատասխանատու ավագ պետն ամիսը մեկ անգամ համապատասխան ստորաբաժանման հաշվառման տվյալները համեմատում (ստուգում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների հետ: Համեմատման (ստուգման) արդյունքներով կազմվում է ակտ՝ երկու օրինակից, որի մեկ օրինակը ներկայացվում է աշխարհազորային շտաբ, մյուս օրինակը պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:
11. Աշխարհազորայինի կողմից զենքի և ռազմամթերքի հետ հանձնումը կատարվում է ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ՝ ինչի վերաբերյալ աշխարհազորային ստորաբաժանումում վարվող զենքի ու ռազմամթերքի տրման գրքում կատարվում են համապատասխան գրառումներ:
12. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքը և ռազմամթերքը ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ կարող է ամրակցվել այլ աշխարհազորայինի՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն:
13. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքն ու ռազմամթերքը պետք է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում մշտապես գտնվի պատասխանատու պաշտոնատար անձի հսկողության ներքո՝ մինչև Ոստիկանության տարածքային ստորաբաժանում հանձնելը:
14. Աշխարհազորային ստորաբաժանումում համապատասխան զենքի և ռազմամթերքի կարիքը վերանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը՝ լրակազմով և մաքուր վիճակում, ապրանքագրով հետ է հանձնում Ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
15. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման կողմից հետ հանձնված զենքի և ռազմամթերքի հետ վերադարձը ԶՈՒ կենտրոնական ենթակայության համապատասխան բազա իրականացվում է ապրանքագրով՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջների համաձայն: Չվերադարձված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ կազմվում և ներկայացվում է տեղեկանք, որտեղ նշվում է զենքի համարը, ռազմամթերքի քանակը, այն աշխարհազորայինի տվյալները, ում ամրակցվել է այդ զենքը և ռազմամթերքը:
16. Զենքի և ռազմամթերքի ամեն մի կորստի դեպքում ստորաբաժանման հրամանատարը (կամ ստուգող ավագ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց որոնման համար և անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարին ու գրավոր տեղեկացնել Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, ԶՈՒ սպառազինության վարչությանը և ռազմական ոստիկանությանը: