ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին լուրերը
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։