Սարսափելի ավտովթար Լոռու մարզում. մանրամասներ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ փոսի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Մարգահովիտ գյուղի բնակիչներ, 16-ամյա Հայկ Խ.-ն , 37-ամյա Հասմիկ Դ.-ն և 61-այա Ֆելիքս Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի