Ավտովթար Նորագավիթի «Կանաչ խանութ»-ի դիմաց. բախվել են Ոստիկանության ակադեմիայի 25-ամյա ուսանողի Niva-ն ու 28-ամյա վարորդի Chery Tiggo-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում 13:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի թիվ 100/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կանաչ խանութ»-ի դիմաց. դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Րաֆֆի Մկրտչյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Նարե Սարգսյանի վարած Chery Tiggo մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Մ. Աղաբեկյանը տեղեկությունը այնուհետև փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյայնի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ր. Մկրտչյանը սովորում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում: