Թուրք-ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք․ Անդրանիկ Քոչարյան
Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք՝ ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսքը գնալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ռազմագերիների խնդիրը կոնֆեդենցիալ լուծման համակարգ է եւ հրապարակել անուններ, ցուցակ, չի լինելու դա, քանի որ ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել ռազմագերիներին եւ հնարավորություն տալ շառլատաններին խանգարել գործընթացքը։ Այսօր հակառակ կողմը ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք։ Բայց մենք հասկանում ենք, որ այդքանը չի»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ կարճ ժամանակում կունենանք ընդհանուր ցուցակ։
Անդրադառնալով անհետ կորածների ու զոհվածների հարազատների հետ հանդիպմանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ մինչեւ Արցախ գնալն էլ հանդիպել է նրանց հետ, իսկ Արցախ գնացել են հենց ծնողների պահանջով։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին եւ թուրք-ադրբեջանական զորավարժություններին, հորդորեց չանհանգստանալ։
«Զորավարժություններից շատ մի վախեցեք։ Ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիևին և որպես հաղթող կողմ՝ շարունակում է հաճույք ստանալ դրանցից։ Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որևէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարությունները իրագործելու»,- ասաց նա։
Քոչարյանն անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ ագենտ լինելու վերաբերյալ հրապարակված փաստաթղթին։
«Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է ենթադրում, այդ փաստաթուղթը պարտավորություն է, որ մարդը, ով առնչվում է ինչ-որ գաղտնի գործավարության հետ, հավաստիացրել է, որ անպայաման տեղեկացնելու է։ Գործակալական գործում շատ կարևոր է գործակալին չբացահայտելը և իրենք փաստաթղթերում պետք է հանդես գան կեղծանուններով։ Ինձ մտահոգում է, որ այդ փաստաթղթերը կոնկրետ գաղտնի գործավարությունից դուրս են գալիս և հայտնվում են մեր հայտնի փեսայի ձեռքում»։