Փաշինյանը հստակ իմացել է, որ գալիս է «լուծելու» Արցախի հարցը հենց նման կերպով
2016 թվականին թշնամին փորձել է իր ուժերն ու հաշվարկ արել, որպեսզի կատարի անհրաժեշտ բոլոր փոփոխությունները: Այդ ժամանակ թշնամին հասկացել է, որ հայ ժողովուրդը կպայքարի իր Հայրենիքի համար, նա ուժեղ դիմակայություն է տեսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հավելեց, որ երկար ժամանակ հայկական կողմը գտնվել է արտաքին ուժերի ճնշման ներքո, նրան ստիպել են տարածքներ հանձնել, ինչի մասին 2016 թվականի օգոստոսին ասել է Սերժ Սարգսյանը, եւ այդ մասին մենք իմանում ենք Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունից:
«Սակայն 2018 թվականին իշխանության ղեկին գտնվողները պատրաստ չէին դրան, քանի որ պետք էր բերեին ուժեր, որոնք դա կանեին՝ նախապես պառակտելով հանրությունը: Պատահական չէ, որ պատերազմից մի քանի օր առաջ նրանք ձերբակալեցին Գագիկ Ծառուկյանին: Դա հաշվարկված էր: 2020 թվականի հուլիսին մարտական գործողությունները մեծ պատերազմից առաջ թշնամու վերջին փորձն էր, որը նրանք կարող էին հաղթել, եթե չլիներ ներքին դավաճանություն»,-նշեց Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հստակ իմացել է, որ գալիս է «լուծելու» Արցախի հարցը հենց նման կերպով:
«Այսօր Փաշինյանը կրկնում է ադրբեջանական այն թեզը, որ Շուշին հայկական քաղաք չէ՝ ընդ որում ոչ մի խոսք չասելով Գետաշենի, Շահումյանի եւ Բաքվի մասին, այսինքն, նա ասում է այն, ինչի համար եկել է: Մենք կարող ենք ֆիքսել, որ այսօր թուրքերը՝ ի դեմ Փաշինյանի եւ նրա թիմի, փաստացի զավթել են իշխանությունը: Ուստի պետք է որքան հնարավոր է շուտ ժամանակավոր կառավարություն ձեւավորել եւ նրանց դուրս վռնդել կառավարական շենքերից»,-եզրափակեց Փոստանջյանը: