Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:
Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն ունի արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով եւ քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:
NEWS.am-ը այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել նաեւ ԱԳՆից, որտեղից մեզ պատասխանել էին, որ դեսպանների նշանակման և հետկանչման հարցերը իրենք չեն մեկնաբանում, եթե չկա նախագահի հրաման, որով էլ նշանակվում և հետ են կանչվում դեսպանները:
Նշենք, որ Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին հայտնել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: