Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հարցաքննվելու
Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Վ.Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, 2020թ. դեկտեմբերի 14-ի ծանուցագրով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն նրա փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է և խնդրել այցը հետաձգել՝ Վ.Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան՝ քննիչն ընդառաջել է և նրան հարցաքննության հրավիրել 2021թ. հունվարի 29-ին: