Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին. Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղում' օգտագործելով նաև արգելված զինատեսակներ, այդ թվում' կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր։ Ռուբեն Ռուբինյանը նաև փաստել է, որ Արցախի ու ՀՀ-ի դեմ մարտնչել են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկաններն ու մասնավորապես' Թուրքիան։ Նա նաև խոսել է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և պատերազմական հանցագործությունների մասին: «Գերիների փոխանակման առաջին փուլից հետո Ադրբեջանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ավարտել գործընթացը: Ավելին, եռակողմ համաձայնագրից մեկ ամիս անց Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում' կրկին ռազմագերիներ վերցնելով: Ադրբեջանական կողմն անմիջապես հայտարարել է նոր գերիների դեմ դեմ քրեական գործեր հարուցելու մասին' նրանց չհամարելով ռազմագերիներ: Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղ գոյակցման հայերի հետ և շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը», – հայտարարել է Ռուբեն Ռուբինյան: Ինչպես հայնտում է ShantNEws.am-ը, Ռուբեն Ռուբինյանը եզրափակել է իր խոսքը' նշելով, որ հարկավոր է վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուբինյանը շեշտել է, որ ողջ տարածաշրջանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը' հիմնված ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա.