Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ․ ICC
Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ: Ինչպես փոխանցում է News.am-ը, այս մասին ասվում է International Christian Concern-ի «Ցեղասպանության անատոմիա. 44-օրյա պատերազմ Ղարաբաղում» նոր զեկույցում:
Զեկույցում պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը տեւել է 2020-ի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր, լուրջ մտահոգություններ է առաջացրել կրոնական ազատության վերաբերյալ, ինչը պետք է նախազգուշացում լինի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների եւ կառավարությունների համար:
Թուրքիան եւ Ադրբեջանը ոչնչացրել են եկեղեցիները եւ այլ կրոնական օբյեկտներ, բռնություն են կիրառել ռազմագերիների հանդեպ եւ վարձել հայտնի ծայրահեղականների, այդ թվում՝ «Իսլամական պետության» անդամների, որպեսզի վերականգնեն վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի վրա, ասվում է զեկույցում:
«Սիրիական կողմից կապերը հաղորդել են, որ իրենց հավաքագրել են՝ օգտագործելով քրիստոնյաների դեմ ջիհադի տերմինաբանությունը»,- հաղորդում է ICC-ն: «Օրինակ, AsiaNews-ը մեջբերել է Սիրիայից մի աղբյուրի, որը բացատրել է, որ իրենք պատրաստվում էին կռվել Ադրբեջանի կողքին, «քանի որ սա ջիհադի մաս է կազմում՝ մահմեդականների սուրբ պատերազմը քրիստոնյաների դեմ»: Սիրիացի վարձկանները հայտնել են, որ իրենց առաջարկել են դրամական պարգեւավճարներ տարբեր գործողությունների, օրինակ՝ քրիստոնյաներին գլխատելու համար»:
Զեկույցի համաձայն՝ մարդասիրական ամենասուր խնդիրներից մեկը Ադրբեջանի վերաբերմունքն է հայ քրիստոնյա ռազմագերիների՝ «ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձանց» նկատմամբ:
Հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են առեւանգողները ոչնչացնում բանտարկյալների «ինքնության եւ ընտրության զգացումը»: «Նրանց ոչ միայն ծաղրում եւ ծեծի են ենթարկում: Նրանց առեւանգողները օգտագործում են իրենց իշխանությունը վերահսկելու եւ այդպիսով հարկադրելու, որպեսզի ամրապնդվի պատերազմը արդարացնելու համար օգտագործվող պատմությունը»,- ասված է զեկույցում: Վերջինս նկարագրում է տեսանյութը, որում քաղաքացիական հագուստով երեք հայ գերիներ են։
«Մեկը պառկած է գետնին, ենթադրաբար մահացած է: Մեկը նայում է, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծում մյուսին՝ պահանջելով հաստատել, որ Ղարաբաղը ադրբեջանական է»,- հաղորդում է ICC-ն: «Ի վերջո, նա դա անում է տեսախցիկի համար: Նրան խնդրում են անտեսել իր անհատականության բոլոր գործոնները, ներառյալ՝ իր հավատքը»:
Տեսանյութերը, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում երկու քաղաքացիական անձանց, որոնք, ինչպես հաղորդվում է, չեն մասնակցել ռազմական գործողություններին: Այս տեսանյութերը, ի թիվս մյուսների, որոնք ներկայացնում են ցնցող վայրագություններ, որոնք խաղաղ բնակիչների եւ գերիների նկատմամբ կատարվում են ադրբեջանցի զինվորների կողմից:
Թուրքիան ներգրավված է այդ հանցագործությունների մեջ, քանի որ թուրքերը պատրաստել են այդ զինվորներին, ասում է International Christian Concern-ը:
«Իրոք, հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների բազմաթիվ կադրերը ցույց են տալիս, որ զինծառայողները կրում են կրկնակի պիտակներ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչը դժվարացնում է հանցագործի իրական քաղաքացիությունը պարզելը»,- բացատրվում է զեկույցում:
Թուրքերի եւ ադրբեջանցիների ներխուժման վայրերում ավերվել են եկեղեցիները եւ հին քրիստոնեական խաչերը։: Տեսաապացույցները ցույց են տալիս, որ ավերածությունները դիտավորյալ են արվել: ICC-ն երկու երկրների կառավարություններին մեղադրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային օբյեկտները պատանդ պահելու մեջ»:
«Խաչքարերը հաճախ թվագրվում են դարերով, դրանք ստեղծած են անհատապես ու եզակի եւ պատմում են քրիստոնեության պատմությունը հենց այս վայրում»,- ընդգծել է ICC-ն: «Եկեղեցու ավերումը խոչընդոտում է համատեղ երկրպագությանը: Խաչքարի ոչնչացումը ջնջում է քրիստոնեական պատմությունը»:
Զեկույցում ասվում է, որ փորձելով ոչնչացնել քրիստոնեական պատմության վկայությունները, թուրքերը եւ ադրբեջանցիներն ընդգծել են իրենց սեփական պատմությունը: Ադրբեջանը եւ Թուրքիան Օսմանյան կայսրության մաս են կազմել, որը 1915-ին իրականացրեց Հայոց ցեղասպանությունը:
Հաղթանակից հետո արտասանած ելույթում Էրդողանը հանդիսավոր անվանել է Հայոց ցեղասպանությանը մասնակից առաջնորդներին: «Թող այսօր երջանիկ լինեն Նուրի փաշայի, Էնվեր փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները»,- ասել է նա:
Հայերի դեմ բռնությունը քողարկելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային լրատվամիջոցները աղավաղել են ճշմարտությունը, ասվում է ICC-ի զեկույցում:
ICC-ն եզրակացնում է, որ աշխարհը պետք է ի գիտություն ընդունի, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական պլանավորումը ի ցույց է դնում մասսայական ոչնչացման մտադրություն, դրանով իսկ Ղարաբաղի հայ բնակիչների ցեղասպանություն՝ նրանց միացյալ հավատքի եւ էթնիկ պատկանելության պատճառով»:
«Ադրբեջանը պարզ հասկացրեց, որ թեեւ նրանք ուզում են տարածքային սեփականություն ունենալ Արցախում, նրանք չեն ուզնում խնամակալ լինել այնտեղի բնակիչների համար, քանի դեռ այդ մարդիկ չեն հաստատել որոշակի ինքնություն»,- ասվում է զեկույցում:
«Եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան պարզ հասկացրեցին, որ այդ գործողությունները նախաձեռնվել են պանթուրքական գաղափարախոսության պատճառով, որը նախընտրում է համապատասխանություն իսլամին՝ բացառություն անելով քրիստոնեության շատ սպեցիֆիկ տարբերակների համար: Այս երկու երկրները շարունակեցին իրենց գործողությունները այնպես, որ վեհացնեն եւ կրկնեն 1915 թվականին էթնիկ քրիստոնյաների ցեղասպանությունը»: