Քոչարյանը եկավ․ Փաշինյանի պլանը ձախողվում է
hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքն ու իր քաղաքական թիմը մասնակցելու են արտահերթ ընտրություններին և «կրելու» են։
Քոչարյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ինքն ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ: Ըստ Քոչարյանի՝ ինքը ՀՀ գործող իշխանոթյան դեմ պայքարում մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել, քանի որ չի ցանկացել իշխանություններին հնարավորություն տալ, շահարկելով իր վերադարձի թեման, վախեցնել առաջին հերթին իշխանության ներսում գտնվողներին և նրանց համակիրներին։ Քոչարյանի մեկնաբանմամբ՝ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ էր, որ իշխող թիմից 20-30 պատգամավոր միանա խորհրդարանական ընդդիմությանը և պահանջի վարչապետի հրաժարականը։ «Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ պատգամավորներին վախեցնելու համար»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, թե ինքը հույս է ունեցել, թե իշխող թիմում այդքան հայրենասեր մարդիկ կգտնվեն:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար: Բայց իշխանությունը, այդ տարբերակին համաձայն չէ և չի պատրաստվում առաջ շարժվել վարչապետի հրաժարականի ու ժամանակավոր կառավարության ձևավորման ճանապարհով, փոխարենը առաջ է քաշում արտահերթ ընտրությունների և խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհը։ Նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի` արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարությունը քաղաքական կարևոր ուղերձ էր, որն ամբողջապես փոխում է ուժերի հարաբերակցությունը։
Այն, որ «Հայրենիքի փրկության շարժումը» և 17-ի ֆորմատը խոշոր հաշվով չկարողացավ հանրային կոնսոլիդացիա ապահովել և հասնել գործող վարչապետի հեռացմանը, արդեն 17-ի ֆորմատով մարող շարժումը նոր քաղաքական բևեռի առաջացման գործընթաց է պարտադրում, որովհետև իրադարձությունները զարգանում են արագ, իսկ ժամանակը չի աշխատում ո՛չ իշխանության, ո՛չ էլ հայրենիքի փրկության շարժման օգտին։ Ստեղծված քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական այլընտրանքը, և քաղաքական ընտրությունը խոշոր հաշվով կատարվելու է հենց այս երկու բևեռների միջև։ Մնացած ուժերը, որոնք ևս կմասնակցեն ընտրություններին, ինչ-որ պահից սկսած միավորվելու են երկուսից մեկին։
Քաղաքական երկարատև թայմաուդից հետո Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը, անշուշտ, հանրային բաց ու անկեղծ երկխոսության կարիք ունեն։ Պետք է նկատել, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանի մոտ այդ երկխոսությունը բավական արդյունավետ է ստացվում։ Նրա վերջին երկու հարցազրույցը ամբողջությամբ աշխատել են հօգուտ նրա քաղաքական վարկանիշի աճի։ Ապագայում ևս պատերազմական և հետպատերազմական խնդիրները մեկ առ մեկ վերլուծելն ու դրանց լուծման ուղիները մատնանշելը լինելու է Քոչարյանի գլխավոր խաղաքարտը, հատկապես որ նրա խոսքի լրջությանը որևէ մեկը չի կասկածում։ Մարդիկ հասկանում են, որ եթե ասվում է, ուրեմն կարվի՝ առանց ավելորդ պոպուլիզմի, առանց սրբագրումների ու խմբագրումների։
Քոչարյանի քաղաքական վերադարձը իշխանությանն ուղղված ամենամեծ ու թերևս նաև անսպասելի հարվածն էր, որը խառնեց Նիկոլ Փաշինյանի բոլոր պլանները։ Նիկոլ Փաշինյանը դեռ հույս է փայփայում, թե ինքը արտահերթով վերընտրվելու և իշխանությունը պահելու շանս ունի։ Բայց դա միայն հույս է։ Պատերազմից հետո նա չի կարողացել լուծել որևէ լուրջ խնդիր՝ սկսած գերիների և անհետ կորածների վերադարձից, վերջացրած պատերազմի ժամանակ տեղի ունեցած խայտառակ ձախողումների բացահայտումով։ Ժամանակը ամենաշատը աշխատում է Փաշինյանի դեմ, և Վահան Բադասյանի՝ Եռաբլուրում արած հայտարարությունը դրա վառ ապացույցն է։
Հայկ Դավթյան