Խոշոր ավտովթար Հայաստանում.. Մոսկվիչը բախվել է գազատար խողովակին, BMW-ն էլ՝ բազալտե հենապատին. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մոսկվիչը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին:
Վթարի հետևանքով Հ. Ավետիսյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 51-ամյա Բաբկեն Մինասյանը, 73-ամյա Զվարթ Մինասյանն ու 44-ամյա Գայանե Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: