Դաժան դեպք Հայաստանում. Վիրավոր տղամարդուն սպանել են կնոջ ու անչափահաս աղջիկների աչքի առաջ. մանրամասներ
Էջմիածնում 36-ամյա տղամարդու սպանության ու նրա ընտանիքի անդամների սպանության փորձի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ սպանությունը կատարել է նախկին ոստիկանն ու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ փետրվարի 22-ին Էջմիածնում դաժան սպանություն է տեղի ունեցել։ 36-ամյա Գեւորգ Խալաթյանը սպանվել է՝ սեփական տանը՝ կնոջ և երկու անչափահաս դուստրերի աչքի առջև։ Կասկածյալը նախկին ոստիկան է՝ այդ տան նախկին սեփականատերը։ Վեճի առարկան էլ եղել է տունը։ Խնդիրն այն է, որ բնակարանը եղել է գրավի տակ, որը բանկը աճուրդի է հանել, իսկ անչափահաս երեխաների հայրը ձեռք է բերել այդ բնակարանն ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու։ Նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել ոչ միայն նոր տանտիրոջ, այլև տանտիրուհու ուղղությամբ։ Գ.Խալաթյանի մարմնի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է չորս հրազենային վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է տղամարդը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով։ Դեպքից մեկ տարի անց «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես, դեպքի օրը՝ 2020թ փետրվարի 22-ին ՝ ժամը 11։30-ի սահմաններում, Խալաթյանին սպանելու դիտավորությամբ տղամարդը «AKМ» տեսակի ինքնաձիգով և մարտական փամփուշտներով զինված գնացել է իր նախկին տան բակ, որտեղ այդ պահին հողագործական աշխատանքներով էր զբաղվում Խալաթյանը։ Տղամարդը ինքնաձիգով կրակոցներ է արձակել նրա մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, ինչի հետևանքով Խալաթյանն ընկել է գետնին, ինչից հետո տղամարդն ինքնաձիգի փողն ուղղել է Խալաթյանի կրծքավանդակին և կրակոց արձակել՝ համոզվելու համար, որ վերջինս մահացել է։ Խալաթյանի կինը, լսելով կրակոցների ձայնը, մուտքի դռնից դեպի պատշգամբ է դուրս եկել, ինչը չի վրիպել զինված տղամարդու աչքից։ Վերջինս կրակահերթ է արձակել կնոջ և նրա հետ պատշգամբ դուրս եկած երկու անչափահաս երեխաների ուղղությամբ ։ Կինն արագ ներս է մտել և կողպել դուռը, իսկ տղամարդը շարունակել է կրակահերթ արձակել արդեն փակ դռան ուղղությամբ։ Փամփուշտները մխրճվել են տարածքում գտնվող փայտյա դռան, հյուրասենյակի պատի մեջ, կոտրել են ապակիները, սակայն կինն ու երեխաները բարեբախտաբար չեն տուժել։