Սպասելու ենք այնքան, մինչև մեր հարցը լուծվի, գիշերելու ենք օդանավականայում․ ՌԴ-ից ՀՀ հետ ուղարկված քաղաքացիներ
Դեռ ոչ մի նորություն չկա, ոչ մեկի կողմից, մենք օդանավակայանում մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը պարզվեն: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ՌԴ–ից հետ ուղարկված ՀՀ քաղաքացիներից մեկը, հաղորդում է Tert.am-ը:
«Մենք գումար ենք ծախսել ու ուզում ենք գնալ մեր գործերին: Օդանավակայանից ոչ մի պատասխան չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ օդանավակայանի անցակետից նրանք հետ էին ուղարկվել ՀՀ, պատճառը Covid-19-ի թեսթի հետ կապված խնդիրներն էին։ Նրանք գիշերն անցկացրել են մոսկովյան օդանավակայանում:
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իրենց կոչ են անում սպասել: «Մինչև ե՞րբ սպասենք, հո երեկվա երեխեքը չենք, որ խաղալիք տան, նստենք ստեղ, խաղանք ու սպասենք»,- ասաց նա և նշեց, որ պետք է հարցին լուծում տրվի:
«Մեր պահանջն է դեպորտը մեր վրայից հանեն, տոմսերը վերականգնեն, և այնտեղ խնդիրներ չունենանք»,- ասաց նա և նշեց, որ Ռուսաստանում ասել են, որ փաստաթուղթը կեղծ է, դրա համար էլ իրենց դեպորտ են արել:
«Քիչ գումար չէ՝ մեկ միլիոն դրամ է, պետությանը հարյուր դրամ ենք պարտք լինում, ԴԱՀԿ են տալիս: Սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը լուծվեն, ոչ մեկս էլ այստեղից դուրս չենք գնալու, գիշերելու ենք այստեղ»,– ասաց նա: