Զարեհ Սինանյանը չի նկատում «Արմենիա» ավիաընկերության ամենաթողությունը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճեպազրույցի ընթացքում խոր ափսոսանք է հայտնել ավիատոմսերի շուկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` հայտարարելով, որ եթե Հայաստանը ունենար ազգային ավիափոխադրող, ապա կկարողանար ազդել գնային քաղաքականության վրա, իսկ այսպես՝ անզոր են: Զարեհ Սինանյանը չի կարող տեղյակ չլինել, որ Հայաստանը մնացել է առանց ազգային ավիափոխադրողի` այն պարզ պատճառով, որ նման ընկերություն ձևավորելը Նիկոլ Փաշինյանը չի համարել ռազմավարական կարևորության քայլ: Չի ձևավորվել նաև այն պատճառով, որ ազգային ավիափոխադրող ստեղծելու գործում մեծ դեր են խաղում պետական դոտացիաները. այդպիսին է միջազգային պրակտիկան, մինչդեռ ՀՀ կառավարությունը համապատասխան պայմաններ չի ստեղծել՝ այսօրվա վիճակից խուսափելու համար: Այսօր ունենք իրավիճակ, երբ քաղաքացիները երկրից դուրս գալու նպատակով տոմս գնելու համար ստիպված են լինում վաճառել իրենց գույքը, քանի որ տոմսերի գները հասել են ասղտաբաշխական թվերի:
Արդյո՞ք ստեղծված իրավիճակի միակ պատճառը այն է, որ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Թերևս` ոչ, շուկայում 2016 թվականից ի վեր գործում է տեղական ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերությունը: Ընկերության բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանին, սեփականատերից են նաև Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը և «Georgian Airways» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին: «Արմենիա» ավիաընկերությունն է, որ վերջին օրերին կտրուկ բարձրացրել է դեպի ՌԴ տոմսերի գները` հասցնելով 400 հազար դրամի: Կառավարությունը չի՞ ցանկանում, թե՞ չի էլ փորձում բանակցել տեղական ավիափոխադրողի հետ, որպեսզի առնվազն այս հարցում մեղմվի ազգային ավիափոխադրող չունենալու հետևանքը:
Տպավորություն է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ ՏՄՊՊՀ-ն, որը պարտավոր էր զբաղվել ավիատոմսերի շուկայի մոնիտորինգով և թույլ չտալ մասնավորի կողմից նման ամենաթողություն, պարզապես չեն նկատում տեղական ավիափոխադրողի առիթից օգտվելու հանգամանքը: Նույն «Արմենիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել լոու-քոսթերների՝ Հայաստան մուտքի կապակցությամբ, քանի որ այդ դեպքում հսկայական շահույթ էր կորցնելու, ինչպես երևում է՝ այս ընկերությունում ամեն բան պտտվում է հենց հնարավորինս մեծ շահույթ ապահովելու շուրջ: Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւմ է պետք նման տեղական ավիափոխադրող, եթե նրա տեղական լինելու հանգամանքը քաղաքացիները որևէ կերպ չեն զգում, իսկ օրինակ՝ Հուրգադայում արգելափակված մեր քաղաքացիները Հայաստան են վերադարձվում արտասահմանյան ավիաընկերության միջոցով:
Ռազմավարական բացթողում է, որ Հայաստանը մինչ օրս չունի սեփական ազգային ավիափոխադրողը, սակայն պատկան մարմինները պետք է առնվազն թույլ չտան տեղական ավիափոխադրողներին օգտվել այդ հանգամանքից և կույր չձևանան, երբ վերջիններս գերշահույթներ են ապահովում՝ ստեղծված ծանր իրավիճակում քաղաքացիներից քերելով վերջին ունեցածը…