33-ամյա Նորայրը զոհվել է հրադադարից մեկ ժամ առաջ՝ հրետակոծության տակ մնացած ընկերոջը օգնության հասնելիս
Պայմանագրային զինծառայող, 33-ամյա Նորայր Հարոյանը հոկտեմբերի 24-ին իր ծառայության վայրից՝ Երեւանից մեկնեց Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու։
«Հոկտեմբերի 24-ի առավոտյան եկավ տուն։ Զարմացանք, որովհետև սեպտեմբերի 27-ից շուրջօրյա ծառայության էր։ Եկավ տուն, ասաց՝ Նել ջան, եղբայրդ գնում է ֆրոնտ։ Շատ տխրեցի, բայց Նորայրն ասաց՝ եթե հիմա թուրքերի հետ չկռվենք, վաղը մեր դռան առջև ենք կռվելու։ Իր հետ նոր շորեր էինք դրել, հանեց ու ասաց՝ պատերազմ եմ գնում, նոր շորեր պետք չեն։ Պատերազմից կվերադառնամ, կհագնեմ ու կգնամ աշխատանքի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նորայր Հարոյանի քույրը՝ Նելլի Հարոյանը։
Այսօր՝ փետրվարի 4-ին, Նորայրը կդառնար 34 տարեկան։ Հարազատները հիշում են, որ նա ծննդյան օրը նշել չէր սիրում։
«Նորայրը փակ մարդ էր։ Հաճախ փակվում էր սենյակում կամ գնում էր այգի ու այնտեղ մենակ մնում։ Մեր ամբողջ այգին Նորայրն էր մշակել, ամեն ծաղկած ծաղկով ուրախանում էր»,- նշեց Նորայրի մայրը՝ Գայանե Հարոյանը։
Նորայրը զոհվել է հրադադարի կնքումից մեկ ժամ առաջ Մատաղիսում։ Նոյեմբերի 8-ին նա վերջին անգամ խոսել էր հարազատների հետ, նշել, որ երկու օրից հերթափոխ կիրականացվի, տուն կվերադառնա։
«Վերջին անգամ, որ խոսեցինք, շատ հանգիստ էինք։ Ասաց, որ երկու օրից գալու է հերթափոխի։ Բացի այդ ամբողջ ընթացքում էլ ասում էր, որ թիկունքում է, իրենց մոտ խաղաղ է։ Դեպքի ժամանակ էլ այլ թաքստոցում է եղել, ռմբակոծություն է սկսվել, գնացել է մյուս թաքստոց՝ տեսնի՝ ընկերն ինչպես է, բայց չի հասցրել մտնել ներս․․․ 30 հոգանոց դասակից զոհվել են երկուսը՝ ինքը ու հենց իր այդ մտերիմ ընկերը՝ Սահակը»,- ասաց Նելլի Հարոյանը։
Նորայրը շատ կապված էր քրոջ երեխաների հետ, որոնք մինչեւ հիմա ամեն օր սպասում են նրա վերադարձին։
«Իրենց կամաց-կամաց ասում ենք, բացատրում ենք, որ Նորոն գնացել է երկինք՝ Աստված պապիկի մոտ։ Ամանորի գիշերը գնացել էինք Նորայրի մոտ, օդապարուկ բաց թողեցինք և երբ օդապարուկն այլևս չէր երևում, երեխաներն ասացին՝ քեռին բռնեց»,- պատմեց Գայանե Հարոյանը։
Նորայրն ընկերուհի ուներ, ցանկանում էր ամուսնանալ։ Ընտանիքը, սակայն, Նորայրի ընտրած աղջկա հետ ծանոթացել է միայն նրա հոգեհանգստի ժամանակ։