Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում. Tert.am
Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը` հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրին։
Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են, որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։
«Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,– ասել է ՊՆ աղբյուրը։
Հիշեցնենք,որ 44-օրյա պատերազմի ժամանակ էր 17 տարեկանից բանակին նվիրված Սերգեյ Շաքարյանը ստացել Արցախի հերոսի կոչում։ Նոյեմբերի 2-ին ՊՆ-ն հայտնեց նրա զոհվելու մասին։ Սերգեյ Շաքարյանը հուղարկավորվել էր հոկտեմբերին։