Պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր. Ռուբեն Ռուբինյանը՝ 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին
Այն, որ իշխանությունը չենք ստացել Սերժ Սարգսյանից, ճիշտ է, բայց Կարեն Կարապետյանից էլ չենք ստացել: Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
«Հիրավի, ինքը (Սերժ Սարգսյանը խմբ.) մեզ իշխանություն չի փոխանցել, ինքն իշխանությունը փոխանցել է դրա տիրոջը՝ ժողովրդին, ժողովուրդն էլ հետագայում Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ: Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովն էր ընտրել որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով: Այսինքն` իր հրաժարականի պահին Սերժ Սարգսյանն իշխանություն չուներ, նա ընդամենը ապրիլի 23-ին թղթի վրա արձանագրել էր իրողությունը»,- ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` բանակի վերաբերյալ հայտարարություններին` Ռուբինյանը նշեց. «Որ ասում են 1000 ԱԹՍ պետք է ձեռք բերվեր 2018-2020 թթ-ին, որքանով ես տեղյակ եմ, պլանում, որը չի փոխվել, նման բան չկա,- ասաց Ռուբինյանը, ապա Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչո՞ւ եք այդքան թանկ զրահաբաճկոններ ձեռք բերել, Ռուբինյանը պատասխանեց,- Կարծում եմ՝ ՊՆ-ին պիտի ուղղեք այդ հարցը, բայց գիտեմ, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր»: