Արտառոց դեպք Հայաստանում.հարսանյաց հանդեսի ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ)
Փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր:
Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչներ՝ 27 և 29 տարեկան երկու տղամարդ, իրենց անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացաններից օդ են կրակել: Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին:
Զենքերը վերցվել ու փաթեթավորվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված հինգ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ: