Ե՞րբ կոռուպցիայի դեմ պայքարողները «կնկատեն» Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանի հեռանալուց հետո արդեն թվով երկրորդ սկանդալն է ծագում՝ կապված վերջինիս կնոջ ԲԿ-ի և առողջապահության նախարարության միջև կնքված պայմանագրերի հետ: Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն` պաշտոնավարման ընթացքում Արսեն Թորոսյանը իր կնոջ՝ ՄԻԲՍ ԲԿ-ի հետ կնքել է շուրջ մեկ միլիարդ դրամի գնման պայմանագիր: Ինչպես ասում են՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումները ակնհայտ են, սակայն, կարծես թե, ոչ պատկան մարմինների համար:
Դեռ Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային պրեսինգի տակ ստիպված եղավ անդրադառնալ Թորոսյանի ընտանեկան բիզնեսին, սակայն, որևէ խախտում այդ գործընթացի մեջ չգտավ: Եղան նաև տեղեկություններ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ի հետ կապված մախինացիաների լուրջ ապացույցներ է դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին և ցանկացել միջնորդություն ներկայացնել այն ժամանակ դեռ նախարար Թորոսյանի կալանավորելու համար, սակայն Փաշինյանը դեմ է եղել՝ պահել է յուրայինին:
Այդ ամենից հետո Թորոսյանին ոչ միայն չպատժեցին, այլև նոր պաշտոն տվեցին, սակայն սկանդալները շարունակում են հետապնդել վերջինիս: Կունենա՞ն պատկան մարմինները, մասնավորապես` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և գլխավոր դատախազը, որպեսզի գոնե այս անգամ անաչառ ուսումնասիրեն Թորոսյանի և իր կնոջ պոտենցիալ մախինացիաները, ի վերջո՝ խոսքը փոքր թվերի մասին չէ: Ավելի փոքր գումարի՝ կես միլիարդ դրամի պատճառով քրեական գործ է հարուցվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետաքրքիր է՝ եր՞բ պատկան մարմինները կնկատեն ավելի մեծ ծավալով և պետությանը առավել մեծ վնաս հասցրած խախտումները՝ յուրայինների շարքերում...