Նիկոլ Փաշինյանը 10 նոր որոշում է կայացրել
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 9-ին, 10 նոր որոշում է կայացրել.
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և աշխատանքային խումբ ստեղծելու, դրանց անհատական կազմերը, կանանց հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի N 605-Ա, 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1740-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին հավելվածում՝
ա. «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը հանել,
բ. «Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր» բառերով,
գ. «Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով,
դ. «Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,
ե. «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով,
զ. «Գ. Բալայան - Պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով,
է. «Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա․ Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,
ը․ «Ն․ Մարգարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն․ Խլղաթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու» բառերով»,
թ․ «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերով.
2) 2-րդ հավելվածում՝
ա. «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,
բ. «Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական» բառերը փոխարինել «Լ. Ջանազյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարի օգնական» բառերով,
գ. «Օ. Ազատյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերով,
դ. «Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ» բառերը փոխարինել «Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ» բառերով,
ե. «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ» բառերը փոխարինել «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ» բառերով,
զ. «Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ» բառերը փոխարինել «Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ» բառերով,
է. «Լ. Քալանթարյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ» բառերից առաջ լրացնել «Ս. Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ» բառերով,
ը. «Մ. Հովակիմյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական» բառերը փոխարինել «Մ. Աչիկյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական» բառերով։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 236-Ա որոշման հավելվածի՝
ա) 1-ին կետում «2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2022 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերով.
բ) 2-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1891-Ա որոշման հավելվածով հաստատված ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմում՝
1) «Ռ. Գրիգորյան- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Տ. Մանուկյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պատոնակատար» բառերը փոխարինել «Հ. Դավթյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ» բառերով.
3) «Կ. Համբարձումյան - Երևանի քաղաքապետի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանին 2021 թվականի մարտի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
2. Ալֆրեդ Քոչարյանի և Անի Արևշատյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի մարտի 9-10-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Հայաստան-Իրան. գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի պայմանագրում փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Հակոբ Վարդանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։