Երևանում քննարկել են ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին մարտի 20-ին քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանի հավաստմամբ` Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը: «Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանն էլ , խոսելով վառելիքի արտահանման և վերամշակման պիլոտային նախագծից, ընդգծեց, որ վերամշակվող վառելիքի նույնիսկ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա 10 տարվա տեղ ազատել աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար:
«Պիլոտային ծրագիրը ոչ միայն ունի ռազմավարական նշանակություն, այլև շատ հետաքրքիր է Հայաստանի համար, իսկ դրա իրականացման բոլոր ծախսերը կարելի է ներառել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի մաս կազմող Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակում»,-հավելեց նա:
Քննարկման մասնակիցները կարևորել են ԱԷԿ-ին փոխարինող հզորությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները: