Թուրք տղամարդը սպանել է որդուն, որպեսզի վերջինս չմեծանա և մեղքեր չգործի
Թուրքիայի Կոնիա նահանգի Կարատայա քաղաքում 32-ամյա Իզմայիլ Կիլինչերը սպանել է իր որդուն` Հուսեյնին:
Daily Star-ի հաղորդմամբ` հանցագործը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ սպանել է ինչ-որ մեկին: Դեպքի վայր ժամանելով` ոստիկանները և բուժաշխատողները հայտնաբերել են 10-ամյա տղայի անշնչացած մարմինը:
Կիլինչերը ոստիկանությանը պատմել է, որ շատ էր սիրում իր որդուն, այդ պատճառով էլ որոշել է նրան երկինք ուղարկել, որպեսզի նա չմեծանա և մեղքեր չգործի:
Նշվում է, որ սպանությունից առաջ տղամարդը խանութ է ուղարկել իր 31-ամյա կնոջը, իսկ հետո ամեն ինչ բացատրել Հուսեյնին: Նա ասել է տղային, որ պատրաստվում է սպանել նրան, ներողություն է խնդրել, համբուրել ճակատը. «Դու էլ ինձ ներիր, հայրիկ»,- պատասխանել է տղան:
Դրանից հետո Իզմայիլը խեղդել է որդուն, փակել բնակարանի դուռը և զանգել ոստիկանություն:
Իրավապահները կանխամտածված սպանության գործ են հարուցել. պարզվել է, որ տղամարդը դա պլանավորել էր շուրջ երկու շաբաթ:
Ոստիկանության բաժանմունքում Կիլինչերը փորձել է ոստիկաններին բացատրել, որ ինքն էլ իր մեղքերի համար դժոխքում կհայտնվի: Բայց Հուսեյնի համար նա նման ճակատագիր չէր ցանկանում, ուստի որոշել էր օգնել նրան ընկնել դրախտ: