Վաղարշակ Հարությունյանն օրն անցկացնում է «Odnoklassniki»-ում (ֆոտո)
Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, պարզվում է, իր առօրյան անցկացնում է Odnoklassniki.ru կայքում։ Մեզ ասացին, որ նա գրանցված է այս կայքում, ընդ որում՝ ռուսերենով, ու որը թեև փակ «պրոֆայլ» է, բայց նրա ակտիվությունը, թե երբ է վերջին անգամ օգտվել այդ կայքից, երևում է։
Ստուգելու համար մենք մտանք OK.ru կայք, գրեցինք նրա անունն ու համոզվեցինք, որ Հարությունյանն իսկապես ակտիվորեն օգտագործում է այս սոցցանցը։ Օրինակ՝ այս պահի դրությամբ նրա վերջին այցելությունը ցույց է տալիս երեկ՝ մարտի 10-ին, գիշերը 23։05-ին։
Մեզ ասացին՝ Հարությունյանը հաճախակի է on-line լինում «Օդնոյում», գրեթե ամբողջ օրն անցկացնում է այս սոցիալական ցանցում, որը վաղուց իր դարն ապրել է։ Հայաստանում արդեն քչերն են օգտվում Odnoklassniki-ից, բայց մեր պաշտպանության նոր նախարարը, լինելով «հին մարդ», նախընտրում է օգտվել հնացած ու որոշ հարցերում արդեն հումորի առարկա դարձած այս սոցցանցից, որից այսօր հիմնականում օգտվում են մեր՝ «գյուղի և Ռուսաստանի բարեկամները»։ Մեկ էլ երիտասարդների մի որոշ հատված՝ հիմնականում «աղջիկ խոսեցնելու» նպատակով։ Եվ, իհարկե, Վաղարշակ Հարությունյանը, ով, փաստորեն, հետպատերազմական այս ծանր շրջանում այնքան ժամանակ ունի, որ հասցնում է «զվռնել» սոցցանցերում, այն էլ՝ Odnoklassniki-ում, որտեղ առանձնապես լրահոս էլ չկա, որ ասենք՝ ինֆորմացիայի համար է այս կայք այցելում։
Նկատենք նաև, որ երբ գերիների, անհետ կորածների հարազատները նրա հետ հանդիպում են պահանջում, Վաղարշակ Հարությունյանը հիմնականում մերժում է՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի։