Արարատի մարզում հսկայական բարդին ընկել է տրակտորի վրա. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 56-րդ մ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի հարևանությամբ, հսկայական բարդին արմատից կոտրվել և ընկել է ընթացող, Սուրենավան գյուղի բնակիչ, 50-ամյա Կամո Ղազարյանի վարած T40 մակնիշի տրակտորի և նրան ամրացված 2 կցորդիչի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի ընկնելու հետևանքով տրակտորիստը «կրծքավանդակի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վարորդին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ովքեր վիրավորին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ճանապարհին ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների ավտոմեքենայի միջից վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կայքը հայտնում է նաև, որ ծառը, երբ ընկել է տրակտորի վրա, տրակտորը ընկնելու վայրից մոտ 125 մետր առաջ է ընթացել և տրակտորիստը չի կարողացել ինքնուրույն դուրս գալ, նրան օգնել են գյուղացիները:
Դեպքի վայրում հավաքված Սուրենավանի բնակիչներն ասում էին, որ նշված վայրում կան մի քանի դարն ապրած ծառեր և եթե պատկան մարմինները հետևություններ չանեն և այդ փտած ծառերը չհեռացնեն, չի բացառվում հետագայում նորից նմամատիպ դեպք տեղի ունենա և այն ունենա նաև ողբերգական ավարտ:
«Գոնե այս դեպքից հետո Բնապահպանության նախարարությունն ու Արարատի մարզպետարանը թույլատրեն՝ մարդիկ այդ փտած ծառերը հեռացնեն, իսկ եթե մենք անվտանգությունից ելնելով՝ հեռացնենք, ապա մեզ կսարքեն ազգի դավաճան, քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ կդնեն մեջքներիս ու կասեն՝ գնացեք բալանդ ուտելու»: