Մարալիկում և Գյումրիում քամին տանիքներ է վնասել /Լուսանկարներ/
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 25-ին, ժամը 16։11-ին ահազանգ է ստացել, որ ուժեղ քամուց վնասվել են Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 1-ին և 2-րդ շենքերի տանիքների թիթեղները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով 1-ին և 2-րդ շենքերի տանիքներից պոկվել են թիթեղներ և վնասել բակերում կայանած «Mercedes Benz» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները մեքենաներից հեռացրել են թիթեղները։
ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 15:54-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Վարպետաց փողոցում գտնվող կիսաքանդ, ոչ բնակելի տան տանիքի թիթեղը. առկա է հետագա փլուզման վտանգ: Շենքն ունի վթարայնության 5-րդ աստիճան:
Փրկարարները Գյումրու քաղաքապետարանի ավտոամբարձիչի օգնությամբ ապամոնտաժել են տանիքի վտանգավոր հատվածի փայտյա և թիթեղյա կառուցատարրերը և սահմանազատել տարածքը։