Ովքե՞ր են «ձեռքերը տաքացնում» ձվի շուկայում արհեստական գնաճի վրա
Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ձվի շուկայում տեղի ունեցող անոմալ պրոցեսները կապված մեկ դեֆիցիտի, մեկ էլ գների կտրուկ աճի հետ: ՏՄՊՊՀ-ն մտադիր է ուսումնասիրել շուկան, կասկածներ կան, որ սա արհեստական վիճակ է, այլ կերպ ասած՝ հակամրցակցային պայմանավորվածության արդյունք:
ՏՄՊՊՀ-հ դեռ անուններ չի տալիս, սակայն հենց այս կառույցի կողմից արված վերլուծությունները թույլ են տալիս վերհանել այն խոշորներին, որոնք այսօր շուկայում գերիշխող դիրք ունեն, հետևաբար նաև հնարավորություն գնալու հակամարցակցային պայմանավորվածությունների: Եվ այսպես՝ ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Այս ընկերություններից զատ շուկայում գործում են 20 մանր ու միջին ընկերություններ, սակայն, այստեղ կա մեկ անչափ կարևոր նրբություն: Անմիջապես հեղափոխությունից հետո մանր ու միջին թռչնաֆաբրիկաների սեփականատերերը բողոքում էին կառավարության կողմից իրենց դեմ ուղղված քաղաքականությունից, միտում մատնացույց անում` պնդելով, որ խոշորներին չնեղացնելու նպատակով կառավարությունը անում է ամեն բան որպեսզի մանր ու միջին ընկերությունները սնանկանան: Ասել է թե, կառավարության վարած քաղաքականությունը անմիջական կապ ունի այսօր ստեղծված իրավիճակի հետ:
Ի դեպ, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում ձվի շուկայում կրկին անհասկանալի իրավիճակ էր, միայն թե գները ոչ թե կտրուկ աճել էին, այլ կտրուկ նվազել: Այն ժամանակ էլ ՏՄՊՊՀ-ն ընդունեց, որ գործ ունենք խոշոր թռչնաֆաբրիկաների կողմից դեմպինգի հետ, սակայն ամեն բան հարթվեց՝ սիմվոլիկ տուգանքներով:
Կարող ենք փաստել, որ այսօր ձվի շուկայում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ոչ միայն վերոնշյալ խոշոր ընկերություններն են, այլ նախ և առաջ կառավարությունը և ՏՄՊՊՀ-ն, որոնք գործնական քայլերի չեն դիմում հեղափոխության օրերին հնչեցրած խոստումներից մեկը՝ տնտեսությունը մենաշնորհներից մաքրելու խոստումը իրագործելու նպատակով, իսկ գուցե նախընտրում են՝ պայմանավորվածությունների մեջ մտնել խոշորների հետ, վերջիններիս պատժելու փոխարեն: Արդյունքում՝ տուժում է միայն առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող հանրությունը: