Արայիկ Հարությունյանի հուզիչ գրառումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը:
Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ հոգու տեր մարդու հետ: Նա մեծանուն հայ էր՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով:
Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Կանգնած լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր զինված ուժերի կազմավորման և նվիրական հաղթանակների կերտման գործում:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին: Համայն հայության հետ միասին Արցախը սգում է իր հերոսի մահը: