Այն, ինչ մենք պարզել ենք, սարսափելի է. Միայն մեկ օպերացիայի ժամանակ մենք 650 զոհ ու 42 տանկի կորուստ ենք ունեցել․ Նազարյան /մանրամասներ/
Այն, ինչ մենք պարզել ենք, լավատեղյակ աղբյուրներից հասցրել ենք ճշտել, սարսափելի մի բան է եղել։ Ասում են, թե ինչու տեղի ունեցավ պատերազմի հանգրվանը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ելքը վճռվել է հենց այդ օպերացիայի ժամանակ, երբ քաղաքական որոշում կայացվեց իրականացնել մի օպերացիա առանց նախապես հետախուզելու տեղանքը, գնահատելու մեր ուժերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղամ Նազարյանը՝ խոսելով Լելե թեփեի օպերացիայի մասին:
Նազարյանի խոսքերով, ինչպես պնդում են փորձառու զինվորականները, այդ օպերացիան պետք է լիներ, սակայն օպերացիա անցկացնելու համար պետք է ունենաս համապատասխան ներուժ, նախապատրաստություն, ինչը չի արվել:
«Ավելին՝ տեղի է ունեցել մի այլ հանցագործություն՝ մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել, իսկ զրահատեխնիկան երկար ճանապարհ անցնելուց հետո միշտ խնդիրներ է ունենում:
Ու այդ վիճակում դու տանում ես ու 100 կմ մարշ բրասոկ արած զորքին հրահանգում ես շատ բարդ գործողություն իրականացնել: Դա հանցագործություն է: Դա ցեղասպանություն է, ոչ թե ռազմական գործողություն:
Ամենամեղմ նահատականներով միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում: Այդ 42 տանկը մի ուժ է, որը կարող էր լուծել պատերազմի ելքը, սակայն մենք մեկ գործողությամբ այդ ամեն ինչը նվիրեցինք թշնամուն»,-ասել է նա:
Նազարյանը հավելել է, որ գործողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տվել ու մանրամասներ հայտնել հարավային ուղղությամբ կարևոր գործողության մասին. «Մեր արցախյան աղբյուրները հայտնում են, որ այն ժամանակ, երբ դեռ զորքը չի իմացել, թե ինչու է շարժվում Ա կետից Բ կետը, ամբողջ Ստեփանակերտը խոսել է այն մասին, թե տանկերը, զորքն ուր են գնում: Եթե այդ մասին խոսում են, Նիկոլն էլ ՌԲԿ-ին ասում է այդ մասին, բնականաբար այդ մասին իմանում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում»:
Նազարյանն իմքայլականներից պահանջում է, որ խորհրդարանում լսումներ անցկացնեն Լելե Թեփեի մասին, քանի որ սա հենց այնպես հարց չէ: