Խոշոր ավտովթար Արտաշատում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու «06»-ը, բժիշկները պայքարում են ոստիկանության 4 վիրավոր ծառայողների կյանքի համար
shamshayn.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ոստիկաններն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանն ու Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ բոլոր վիրավորները եղել են ոստիկանության համազգեստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք ծառայում են ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում։