Թրամփը մտադիր է խստացնել միգրանտներին ապաստան տրամադրելու համակարգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է խստացնել միգրանտներին ապաստան տրամադրելու համակարգը, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Թրամփը նախագահական հուշագիր է ստորագրել, որպեսզի ապահովվի օրինական անձանց ապաստանի հասանելիությունը, միաժամանակ առավել արդյունավետորեն ապահովվի ապօրինի միգրանտներին հետեւելն ու վտարելը, որոնք չեն բավարարում չափանիշները եւ չեն համապատասխանում պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հուշագրի համաձայն՝ Թրամփը իր աշխատակազմին հանձնարարել է ապաստանի տրամադրման կանոնները խստացնելու մի շարք միջոցներ ձեռնարկել: Դրանց թվում է ապաստան տրամադրելու եւ աշխատանքի թույլտվության մասին հայտարարության համար վճար գանձելու առաջարկը եւ անմիջապես աշխատանքի թույլտվությունը չեղարկելը այն արտասահմանցիների համար, որոնք վերջնական վտարման մասին կարգադրություն են ստացել:
Դրանից բացի, Թրամփն առաջարկում է պահանջ սահմանել, որպեսզի ապաստան տրամադրելու բոլոր միջնորդությունները ներգաղթային դատարաններում քննվեն այն ներկայացնելու պահից 180 օրում: Նա նաեւ հանձնարարել է ներքին անվտանգության քարտուղարին առաջնահերթ ուշադրություն դարձնել ներգաղթային ծառայության աշխատակիցների նշանակմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ապաստան տրամադրելու համար ԱՄՆ իշխանություններին դիմած միգրանտներին նրանց գործերի քննության ընթացքում կուղարկի հետ Մեքսիկա: Մեքսիկայի միգրացիոն ծառայություններն իրենց հերթին հայտարարել էին, որ ԱՄՆ-ից վտարված միգրանտներին ոչ թե ապաստան կտրամադրեն, այլ աշխատատեղեր: