Հայաստանում անուղղակի հարկերը կբարձրացվեն. ֆիննախ
Հարկային օրենսգրքում լրացումների փաթեթը ներկայացնելուց առաջ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել ընթացիկ տնտեսական իրողությունների ախտորոշման համար: Ապրիլի 30-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումներում Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ իրենց նկատած առաջին միտումը, որը եւ որոշակի մտահոգություն է հարուցել, այն է, որ արտահանմանն ուղղված ճյուղերը շահութաբերությամբ հետ են մնում այն հատվածներից կամ ճյուղերից, որոնք ուղղված են ներքին սպառմանը: «Այս տարբերությունը երբեմն հասնում է 2,56 ցուվանիշի: Այսինքն՝ ներքին սպառումն ավելի շահավետ է, քան արտահանումը: Իսկ հիմնական ներդրումներն իրականացվում են ծառայությունների մատուցման ներքին ոլորտներում»,- պարզաբանեց Պողոսյանը:
Սակայն փոխնախարարը նշեց, որ Հայաստանը, որպես բաց տնտեսությամբ երկիր, չի կարող տնտեսական զարգացումը կապել միայն ներքին սպառման զարգացման հետ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով արտահանումը խթանել՝ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:
Պաշտոնյան նշեց, որ այս փոփոխությունները կհանգեցնեն պետական բյուջեի եկամուտների կորստին: Եղած գնահատականներով՝ 2017 թվականին շահույթի կորուստներն արդեն կազմել են 27,5 մլրդ դրամ, իսկ շահութահարկի շրջանակում կորուստները կազմել են մոտ 11 մլրդ դրամ: Արման Պողոսյանը հավելեց, որ այս կորուստների փոխհատուցման համար հարկային բեռը, թեկուզ եւ անուղղակի, բայց կմեծացվի: