«Մա՛մ ջան, խնդրում եմ՝ երեխուս լավ կպահես». 23-ամյա Շուրայի վերջին խոսքերը
Մերօրյա հերոս Շուրա Մարկոսյանը ապրեց ընդամենը 23 տարի: Նա իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի պաշտպանության: Շուրան ծնվել է 1998թ. ապրիլի 9-ին Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Լենա Մարկոսյանը:
«Եղբայրս շատ բարի էր, ընկերասեր, բոլորին օգնում էր, իսկ զինծառայության մեջ՝ պարտաճանաչ, նվիրված ու հայրենասեր զինվոր: Նա բոլորիս համար լավ խորհրդատու էր»,- ասաց Շուրայի քույրը՝ հավելելով, որ Շուրան ազատ ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների շրջապատում և իր ընտանիքում՝ երեխայի հետ:
Հերոսը ժամկետային զինծառայության է անցել 2016թ. հուլիսի 11-ին Մարտունի 3-ում, սակայն այն դեռ չավարտած՝ անցել է պայմանագրային ծառայության՝ որպես ավագ սերժանտ: Սերժանտ Շուրան ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ պատերազմին: Նա մասնակցել է Աղդամի մարտական դիրքերի պաշտպանությանը, այնուհետև իր ստորաբաժանման կազմով տեղափոխվել է Հադրութի շրջան և Արա լեռ Դուդուլ կոչվող տեղանքում անցել պաշտպանության. «Մի քանի օր համառ մարտերից հետո ստորաբաժանումը տեղափոխվել է նորից Հադրութ և շարունակել մարտական գործողությունները, որտեղ հակառակորդը, օգտագործելով հրթիռահրետանային հուժկու հարվածները, կազմակերպում էր լայնամասշտաբ գրոհ, ինչի հետևանքով 2020 թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած չարաբաստիկ արկը մահացու վիրավորում է Շուրային և իր զինակից ընկերներին»,- խորը ցավով պատմում է քույրը:
Շուրան ամիսներ շարունակ եղել է անհետ կորածների ցուցակում, նրան կարողացել են հողին հանձնել միայն փետրվարի 11-ին:
Ըստ հերոսի քրոջ խոսքերի՝ եղբայրը լիահույս էր, որ հաղթելու են, և ինքն էլ վերադառնալու է՝ իր նախագծած նպատակները կյանքի կոչելու. «Պատերազմի օրերին շատ դուխով էր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, ես անպայման գալու եմ, մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- վերհիշում է Լենան:
Իսկ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Շուրան միայն մեկ բան է խնդրել իր ընտանիքից. «Վերջին անգամ եղբորս հետ խոսել ենք հոկտեմբեր 10-ի առավոտյան, վերջին խոսքն էր՝ մա՛մ ջան, խնդրում եմ՝ երեխուս լավ կպահես... »,- ցավով ասաց Լենա Մարտիրոսյանը:
Զվարթ Պետրոսյան