Ազատության հրապարակում 17-ամյա երիտասարդը դանակահարել է երկու պատանու
Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության հրապարակում երկու հոգի դանակով սպառնացել են իր ընկերոջը և գողացել բջջային հեռախոսը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.20-ին 16-ամյա պատանին երկու ընկերների հետ եղել են Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել մի անծանոթ երիտասարդ և զանգելու պատրվակով խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալուց հետո վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որի ընթացքում երիտասարդը դանակով խփել է պատանիներից երկուսի ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել մյուս պատանու բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցարարքը կատարողի ինքնությունը: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին 17-ամյա կասկածյալը ներկայացել է Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել է Կենտրոնական բաժին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: