Գեղամ Խաչատրյանը թեժ մարտերի ժամանակ իր բուժկետը ծավալել է զորամասին մոտ գտնվող եկեղեցու տարածքում
ԵՊԲՀ սովորողները, մասնակցելով Արցախի դեմ իրականացվող պատերազմին, վերահաստատեցին, որ ընտրելով բժշկի, ռազմական բժշկի ուղին՝ ծառայում են մարդկանց ու հայրենիքին: Գտնվելով կյանքի և մահվան սահմանագծին՝ փաստում են՝ պատերազմը փոխել է նրանց առաջնահերթություններն ու աշխարհընկալումը:
Ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատոր, ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը բժշկի առաքելությունն իրականացրել է «Եղնիկների» զորամասում, որտեղ պատերազմից առաջ՝ 3 տարի ժամկետով որպես բուժծառայության պետ անցել է նրա ծառայությունը:
«Արդեն հարազատ դարձած զորամասում վերականգնվեցի նույն պաշտոնին՝ իրականացնելով բուժծառայության կազմակերպում»,-պատմում է կամավոր պատերազմ մեկնած ռազմական բժիշկը, որն անմիջական մասնակցություն է ունեցել մարտի դաշտից վիրավորների տարհանմանը, բուժօգնության տարմադրմանն ու հոսպիտալաներ տեղափոխմանը:
Ռազմական բժշկի խոսքով՝ խաղաղ պայմաններում ևս սահմանային զորամասերում ծառայությունն ավելի դժվար է, քան հոսպիտալներում:
Պատերազմի ժամանակ աշխատանքը կրկնակի ծանր է: «Այդ ամենը հնարավոր է պատկերացնել միայն անմիջական մասնակցություն ունենալու պարագայում: Փոխվում է մտածելակերպը, այլևս դադարում ես մտածել անձիդ մասին: Չնայած անմիջական մասնակցություն չենք ունենում մարտերին՝ բժշկի պարտքն է վիրավորներին օգնություն ցույց տալու համար լինել ամենաթեժ կետերում, քանի որ հայրենիքի պաշտպանների կյանքերի փրկության պարտականությունը դրված է մեզ վրա»,-նշում է նա:
Չնայած ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունվելուն՝ Գեղամ Խաչատրյանի երազանքը ռազմական բժիշկ դառնալն էր: «Ինձ հոգեհարազատ են զինվորական համազգեստն ու պատասխանատվությունը: Այդ պատճառով, օգտագործելով ինձ ընձեռված հնարավորությունը, 3-րդ կուրսում տեղափոխվեցի Ռազմաբժշկական ֆակուլտետ: Երբեք չեմ զղջացել այդ ընտրության, անցած դժվարությունների համար: Հպարտ եմ, որ իմ ծառայությունն անցել է սահմանային համարվող «Եղնիկների» զորամասում»,-շեշտում է նա:
Գեղամ Խաչատրյանը թեժ մարտերի ժամանակ իր բուժկետը ծավալել է զորամասին մոտ գտնվող եկեղեցու տարածքում: «Ավիացիոն հարվածների արդյունքում այդտեղ ոչ մի կայուն շինություն չէր մնացել: Ես ամեն վայրկյան սպասում էի, որ եկեղեցին էլ թիրախ կդառնա, սակայն ի զարմանս ինձ, այն միչև վերջ կանգուն մնաց»,- ընդգծում է նա:
Փաստ է՝ բուժծառությունն ամենախոցելի օղակներից մեկն էր այս պատերազմի ժամանակ. թշնամին թիրախավորում էր ոչ միայն վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները, այլև հիվանդանոցներն ու հոսպիտալները: Սակայն այդ ամենն անտեսելով՝ գիտակցաբար սահման հասած բժիշկները` որպես մասնագետներ և հայրենիքի պաշտպաններ, հավատարիմ են մնացել իրենց երդմանը: «Յուրաքանչյուր զինվորի կյանքի փրկությունն անբացատրելի զգացողություն, երջանկություն էր պարգևում»,-ընդգծում է ռազմական բժիշկը՝ հավելելով, որ մասնագիտական որակների հետ մեկտեղ, բժիշկը պետք է լինի հայրենասեր և անձնազոհ:
«Պատերազմի ժամանակ ամեն ինչ այլ է: Մեր պարտքն էր անել ոչ միայն այն, ինչը մեր պարտականությունների սահմանում էր, այլև ցանկացած աշխատանք՝ մեր ուժերից վեր»,-ասում է ռազմական բժիշկը:
Պատերազմը փոխել է սովորողի աշխարհայացքը. այն, ինչ նախկինում կարևոր էր թվում, այժմ դարձել է անկարևոր, և հակառակը:
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո Գեղամը պատրաստ է իր ծառայությունը շարունակել այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի:
«Պատրաստ եմ մասնագիտական առաքելությունս շարունակել Արցախում՝ ցանկացած իրավիճակում՝ պատերազմական, թե խաղաղ պայմաններում: Այն գիտակցումը, որ որևէ մեկը քո օգնության կարիքն ունի, հանգիստ չի տալիս:
Պատերազմի 3-րդ օրն եմ հասել սահման: Այդ ժամանակահատվածն ինձ համար ծանր էր և ոչ պատվաբեր»,-եզրափակում է բազմաթիվ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը, որը կամավորագրվել և Արցախ է մեկնել իր համակուրսեցների՝ անմահացած ռազմական բժիշկներ Հարություն Չոբանյանի և Արամայիս Հայրապետյանի հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան