Ավտովթար Երևանում.4 մեքենա միաժամանակ. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, բախվել են Infiniti, Mercedes և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: